Ի՞նչ աշխատանքներ են իրականացւում Հայաստանում Կորոնավիրուսի դէմ բնակչութեան պատւաստումներ իրականացնելու ուղղութեամբ:
Սկսած այս տարւայ մարտ ամսւանից մեր երկրում իրականացւում են բնակչութեան պատւաստման աշխատանքներ: Այդ նպատակով օգտագործւում են երեք տիպի պատւաստանիւթեր` Սպուտնիկ-V, Աստրա Զենեկա եւ Սինովակ: Պատւաստումներն իրականացւում են անվճար եւ կամաւորութեան սկզբունքով: Ներկայ դրութեամբ նշւած պատւաստանիւթերի կիրառման ուղղութեամբ տարիքային սահմանափակումներ չկան:
Մինչ օրս իրականացւած պատւաստումների քանակութիւնը խիստ հեռու է բաւարար լինելուց, սակայն ՀՀ իշխանութիւնները միջոցներ են ձեռնարկում տւեալ աշխատանքի տեմպերն արագացնելու ուղղութեամբ:
Ի դէպ, համաճարակային վիճակը ներկայումս բաւարար է, թէեւ զգօնութիւնը կորցնելը կարող է անցանկալի հետեւանքների յանգեցնել: Վերջին մի քանի շաբաթւայ ընթացքում արձանագրւել է ինչպէս հիւանդացութեան, այնպէս էլ մահւան ցուցանիշների կայունացում: Կորոնավիրուսային համաճարակի գնահատման տեսանկիւնից ԵՄ-ը Հայաստանը ճանաչել է «կանաչ գօտի»:
ԻԻՀ առանձին պաշտօնեաներ իրանցիներին յորդորում են պատւաստման նպատակով չմեկնել Հայաստան: Ի՞նչ կարող էք ասել այս մասին:
Ես էլ եմ հանդիպել որոշ պաշտօնեաների եւ առանձին անհատների կողմից ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում ինչ-ինչ մեկնաբանութիւնների եւ վերլուծութիւնների: Եղել են իրականութեանը չհամապատասխանող հրապարակումներ, նոյնիսկ արւել են ոչ պատշաճ արտայայտութիւններ, որոնց հարկ չեմ համարում անդրադառնալ: Ակնյայտ է, որ Հայաստան-Իրան բարձր մակարդակի յարաբերութիւններին անյարիր են իրականութեան հետ կապ չունեցող եւ անկարեւոր թեմաների անհարկի արծարծումը:
Բոլոր դէպքերում, քանի որ առկայ են նաեւ որոշ թիւրընկալումներ, հարկ եմ համարում որոշակի տեղեկութիւններ հաղորդել: Ս.թ. ապրիլի 23-ին հրապարակւել է ՀՀ առողջապահութեան նախարար Անահիտ Աւանէսեանի հրամանը, որով թոյլատրւել է Հայաստանում գտնւող օտարերկրացիների պատւաստումն անվճար եւ կամաւորութեան սկզբունքով: Նման որոշման համար հիմք են ծառայել Հայաստանում գործող մի շարք օտարերկրեայ դիւանագիտական եւ միջազգային կազմակերպութիւնների, ինչպէս նաեւ տարբեր հանգամանքների բերումով Հայաստանում գտնւող այլ անձանց կողմից մեր երկրում պատւաստումներ ստանալու մասին բազմաթիւ դիմումները: Հարկ է նշել, որ մինչ օրս իրականացւած պատւաստումների բացարձակ մեծամասնութիւնն իրականացւած է ՀՀ քաղաքացիների եւ Հայաստանում մշտական բնակութիւն ունեցողների նկատմամբ, եւ որոշակի չափով նաեւ այս ծառայութիւնից օգտւել են օտարերկրացիները: Այս ընթացքում այդ հնարաւորութիւնից օգտւել են տարբեր երկրների քաղաքացիներ, այդ թւում նաեւ իրանցիներ:
Փաստօրէն օտարերկրացիների հետ կապւած որոշումը հիմնւա՞ծ է վերջիններիս դիմումների վրայ:
Նախեւառաջ, հաշւի է առնւել մարդկանց կողմից դրսեւորւած ցանկութիւնը, սակայն նաեւ կարեւորւել են հետեւեալ երկու հանգամանքները: Առաջինը` մարդասիրական վերաբերմունքն է այդ անձանց նկատմամբ եւ երկրորդը` Հայաստանում որոշակի ժամանակահատւած (շաբաթներ, ամիսներ եւ աւելի երկար ժամանակ) գտնւող անձանց պատւաստումը խիստ դրական է ազդում երկրում համաճարակային վիճակի վրայ:
Մի հանգամանք էլ կարող եմ Ձեր ուշադրութեանն արժանացնել: Լրացում է կատարւել գործող կարգում, համաձայն որի` օտարերկրացիների նկատմամբ Կորոնավիրուսի դէմ պատւաստումներ թոյլատրւում են, եթէ վերջիններս Հայաստանում են գտնւում աւելի քան 10 օր: Դա հնարաւորութիւն կը տայ առաւել հասցէական դարձնել պատւաստման գործընթացը` թիրախաւորելով Հայաստանում օբյեկտիւ անհրաժեշտութեամբ գտնւող օտարերկրացիներին: